ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Մոսկվան ակնկալում է Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացել առաջիկայում: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Եվգենի Իվանովը։
«Հայաստանում գլխավոր հյուպատոսություն բացելու, Մալդիվներում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ կարգադրություններ են արվել։ Հիմա Ինդոնեզիայում` Բալիում, գլխավոր հյուպատոսություն կբացվի։ Այդ ուղղությամբ հիմա աշխատում ենք։ Ընդհանուր առմամբ դա բավական մեծ կազմակերպչական-տեխնիկական աշխատանք է»,- նշել է փոխնախարարը։
Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման մոտավոր ժամկետների մասին ճշտող հարցին ի պատասխանը դիվանագետն ասել է` մոտ ժամանակներս:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կարող է սկսել աշխատանքը 2024 թվականի սկզբին: Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացմանը նախապատրաստվելու համար առաջին խումբը Կապան է ժամանել դեռևս 2023 թվականի սեպտեմբերին։