ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին քրեակատարողական ծառայության լրատվության բաժնից։
«Անդրյանը հունիսի 18-ին ազատվել է պաշտոնից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»,– նշեցին ՔԿԾ–ից։
Միաժամանակ «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ պաշտոնից ազատվելու պատճառն այլ է։ Ըստ թերթի` անցած շաբաթ «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի:
«Ամեն ինչ սկսվել է նրանից, որ բերդի օպերլիազորը դատապարտյալներից մեկից մի տոպրակ թզբեհ է ուզել Անդրյանի անունից։ Իսկ ձեռքի աշխատանք թզբեհները դատապարտյալները վաճառում են բավականին թանկ գներով։ Անդրյանի պահանջը կատարվել է, սակայն լուրը հասցրել են ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանին։ Նա իր մոտ է կանչել նախ օպերլիազորին, որը հաստատել է, թե պետի պահանջով է գործել, ապա Անդրյանին, և հրահանգել է ազատման դիմում գրել։ Թզբեհի պատմությունը վերադասի ականջը գցելու համար օպերների միջև վեճ է սկսվել` մեկը մյուսի վրա է գցել, «ռազբորկան» վերածվել է ծեծկռտուքի»,– գրում է պարբերականը։
Նշենք, որ Էդիկ Անդրյանն այդ պաշտոնը ստանձնել էր այս տարվա հունվարին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով դադարեցվել է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, ինչպես նաև բոլոր քրեակատարողական հիմնարկների օպերատիվ բաժինների գործունեությունը։ Փոխարենը ստեղծվել է կենտրոնական մարմնի օպերատիվ վարչություն՝ քրեակատարողական հիմնարկներում տեղակայված տարածքային բաժիններով և բաժանմունքներով։