ԼՂ–ից բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրման համար ԵՄ–ն շուրջ 18 մլն եվրո կտա

Արցախից բռնի տեղահանվածները Սյունիքում. Արխիվային լուսանկար
Բռնի տեղահանվածներին գումար կհատկացվի անհետաձգելի կարիքների համար, իսկ հետո նրանց համար մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարության առավել լայն բարեփոխումների, հատկապես` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետագա սոցիալ–տնտեսական ինտեգրման համար ԵՄ–ն միանգամից երկու համաձայնագրով կտրամադրի 18 մլն եվրո։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ ՀՀ–ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակներում 2024 թ. փետրվարի 15-ին ու ապրիլի 16-ին ստորագրվել է «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» տեխնիկական աջակցության դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիր, որի նպատակն է խթանել ՀՀ–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը:

Ծրագրի շրջանակներում ԼՂ–ից բռնի տեղահանված բնակիչներին կհատկացվի դրամական օգնություն սոցիալ-կենցաղային հարցերի համար։ Այնուհետև միջոցներ կհատկացվեն էլեկտրաէներգիայի և բնակարանների վճարման համար՝ 6 ամսվա ընթացքում։ Այնուհետև նրանց համար կանցկացվեն մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։

Հատկացվող օգնությունը կլրացնի ՀՀ կառավարության կողմից տրամադրվող նմանատիպ ծրագրերը։
Ծրագիրը կֆինանսավորվի ԵՄ բյուջեից՝ առանց ՀՀ կառավարության կողմից համաֆինանսավորման:
Հիշեցնենք` վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։