ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հյուսիսկորեական փունսան ցեղատեսակի 2 շուն է նվիրել։ Տեղեկությունը հայտնում է հյուսիսկորեական «Կորեայի ձայն» ռադիոն:
Նշվում է, որ առաջնորդները երեկ զբոսնել են պարտեզում, քննարկել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերային և դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, ինչպես նաև նրանց ընդհանուր առանցքային շահերի պաշտպանության ծրագրերը:
Կրեմլի արարողակարգի նախկին ղեկավար Վլադիմիր Շևչենկոն ՌԻԱ Նովոստիին ասել է, որ երկրների առաջնորդների մակարդակով կենդանիներ նվիրելը բարեկամական քայլի նշան է:
«Սա առաջին դեպքը չէ: Ի սկզբանե բոլորը գիտեին, որ Պուտինը շատ է շուն սիրում, որոշ դեպքերում նա նույնիսկ շան հետ էր գալիս բանակցությունների»,- մեկնաբանել է Շևչենկոն։
Նա հիշեցրել է, որ որպես նվեր առաջնորդները ոչ միայն շներ, այլ նաև այլ կենդանիներ են նվիրել, օրինակ` արջեր, ուղտեր և այլն:
«Յուրաքանչյուրն իր վերաբերմունքն ունի կենդանիների նկատմամբ, և դա, բնականաբար, բարեկամական քայլ է»,- ավելացրել է Շևչենկոն։
Փունսան որսորդական շների ցեղատեսակը ԿԺԴՀ-ում բուծվել է Հյուսիսային Կորեայի գայլերից և երկրի սահմաններից դուրս գրեթե հայտնի չէ: Այն իր անունը ստացել է Հյուսիսային Փունսան շրջանի լեռներից (այժմ` Յանգանդո նահանգի Կիմհենգվոն շրջան), քանի որ այնտեղ է բուծվել։
Նախագահ Պուտինը կենդանիներ է նվեր ստացել նաև այլ երկրների առաջնորդներից։ 2017 թվականին ՌԴ նախագահին Վերնի անունով ալաբայ էր նվիրել Թուրքմենստանի առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ 2019 թվականին Պուտինը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչից ստացել է հարավսլավական (շարպալինյան) հովվաշուն` Փաշա անունով, ինչպես նաև տայգան ցեղատեսակի շնիկ` Շեյխան անունով, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովից։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով մեկնել է Վիետնամ։ Նա հունիսի 19-ին Հանոյ է ժամանել Փհենյանից` ԿԺԴՀ կատարած այցի ավարտից հետո:
ՌԴ նախագահը հունիսի 20-ին բանակցություններ է վարել վիետնամցի գործընկերոջ` Տո Լամի հետ։
ՌԴ նախագահը Հյուսիսային Կորեա էր մեկնել հունիսի 18-ին և բանակցել ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ինի հետ, ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 1,5 ժամ, իսկ առաջնորդների առանձնազրույցը` մոտ 2 ժամ։ ՌԴ նախագահն ու ԿԺԴՀ-ի առաջնորդը համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր են ստորագրել։