Ինչ ազդեցություն կարող է ունենալ Փաշինյանի խոսքը «խռովարար» երեխաների վրա. հոգեբանի կարծիք

Նալչաջյանը նշում է, որ Փաշինյանն իր խոսքով հակադրում է երեխաների, պատանիների կյանքը և ապրելու իրավունքը խաչին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը երեխաների հետ և այդ ընթացքում կայացած խոսակցությունները միտված են նրանց ինքնությունն աղավաղելուն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը` անդրադառնալով Սյունիքի մարզում վարչապետ Փաշինյանի` երիտասարդ սերնդին ուղղված հայտարարություններին։
Կարինե Նալչաջյան
Նշենք, որ Սյունիքի մարզ այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր ձևաչափերով հանդիպումներ է ունեցել երեխաների և երիտասարդների հետ։ Նա զրույցներից մեկի ժամանակ դժգոհել էր, որ ուր գնում է, ասում են, թե պետք է խաչքար տեղադրել։ Փաշինյանը վրդովված հետաքրքրվում էր, թե քանի հատ պետք է դնեն` մե՞կը, երկո՞ւսը, տա՞սը, հիսո՞ւնը, հարյո՞ւրը. «Եկեք ամենքի վզից էլ մի հատ խաչքար կախենք, ասենք` քարշ տվեք, էրեխեք, սա ձեր առաքելությունն է»։
«Երեխաների հետ աշխատանքը յուրահատուկ և նպատակաուղղված է, և միտված է նրանց հոգեկան աշխարհն ու ինքնությունը աղավաղելուն` պոկելով Հայաստանից և հայկական քաղաքակրթությունից։ Իրենց այս գործը, որ տարիներ շարունակ անում են` հայկական քաղաքակրթությունը ոչնչացնելուն ուղղված գործ է։ Մենք գիտենք` ինչ հսկայական պոտենցիալ ունի մեր երիտասարդ սերունդը։ Այս ամենից վտանգ կա, մանավանդ, որ նրանք աշխատում են շատ հետևողական ու հիանալի տիրապետում են անձի հոգեբանության օրինաչափություններին։ Պետք է կանգնեցնել և վերջ տալ այս դժոխային ընթացքին»,– ընդգծեց Նալչաջյանը։
Նա շեշտեց, որ Փաշինյանն իր խոսքով հակադրում է երեխաների, պատանիների կյանքը և ապրելու իրավունքը խաչին, երբ ասում է` ինչպես կարելի է ապրել այդ խաչքարը վզից կախված։
Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում այցելել է ԱԱԾ սահմանապահ ուղեկալ
Անդրադառնալով այն հանգամանքին, թե երեխաներն ինչ պետք է սովորեն նմանատիպ զրույցներից, Նալչաջյանը հույս հայտնեց, որ երեխաներին հնարավոր չի լինի հեշտությամբ պոկել սեփական արմատներից և արժեքներից, թեև նրանք խռովարարների տարիքում են։
«Պատանեկան տարիքը խռովարար լինելու և հակադրման, ինչպես նաև «ես»–ի ինքնահաստատման տարիք է։ Նմանատիպ խոսակցությունները կարող են ազդեցություն ունենալ և բացասական հետք թողնել։ Հույս ունեմ, որ այս տեսարանն ուղղակի սարքած է ու խորը հետք չի թողնի։ Ես չեմ կարծում, որ Սյունիքի մարզի գյուղերում մարդիկ այնքան մոլորված են, որ չեն հասկանում կամ գիտակցում իրականությունը։ Երբ Փաշինյանը երեխաների շարքերում է հայտնվում, ես ներքին սարսափ եմ ապրում, որովհետև ինքը դպրոցներից սկսեց, երբ աշակերտներին փողոց էին լցնում։ Հենց նրանցից շատերն էլ 44-օրյա պատերազմում զոհվեցին»,– ասաց հոգեբանը։
Հիշեցենք, որ երիտասարդների հետ մեկ այլ հանդիպման ժամանակ էլ Փաշինյանն ասել էր, որ պատերազմների ընթացքում զինծառայողները զոհվել են, որպեսզի հաջորդ սերունդն ազատ ապրի, կյանքը վայելի, ու հենց այդ փոփոխությունն է այսօր տեղի ունենում Հայաստանում։
Փաշինյանն ասել է, թե որ դեպքում տարածքների հարցով հանրաքվե կլինի