ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ–ն «Սևծովյան ավազանի Interreg Next» ծրագրի շրջանակում ավելի քան 72 մլն եվրո դրամաշնորհ կստանա։ ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց մեր երկրի, Ռումինիայի և Եվրոպական հանձնաժողովի միջև ԵՄ հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության 2021–2027 թթ. գործիքի ներքո «Սևծովյան ավազանի Interreg Next» 2021–2027 թթ. դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը։
Նշվում է, որ այս համաձայնագրի նպատակն է խթանել երկարատև անդրսահմանային համագործակցությունը Սևծովյան ավազանի երկրների միջև կանաչ և կապույտ տնտեսության, շրջակա միջավայրի պահպանության, տարածքային զարգացման, հետազոտությունների իրականացման և նորարարական տեխնոլոգիաների ներդրման ու կիրառման ուղղություններով:
«Ծրագիրն ունի շրջանակային բնույթ, առանձին ֆինանսավորման համաձայնագրեր են կնքվելու Սևծովյան տարածաշրջանի շահառու երկրների հետ` Հայաստան, Վրաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունաստան, Թուրքիա, Ուկրաինա և Մոլդովա, իսկ դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են տարածաշրջանի երկրների առանձին նախագծերի ֆինանսավորումը»,– նշված է հիմնավորման մեջ:
Ծրագրի շահառու կարող են լինել պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինները, հիմնադրամները, ՀԿ–ները, առևտրային պալատները, ակադեմիական և կրթական հաստատությունները, մշակութային և հնագիտական ասոցիացիաները:
Նշենք, որ ՀՀ–ն մասնակցում է Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության ծրագրին 2007 թվականից: Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո 2007-2013 թթ. և Եվրոպական հարևանության գործիքի ներքո 2014–2020 թթ. հայաստանյան շահառուների մասնակցությամբ ձևավորված կոնսորցիումների կողմից ծրագրի շրջանակներում իրականացվել է 38 նախագիծ: