ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայկական «Յունիբանկը» դադարեցրել է վճարումներ ընդունել «Յունիստրիմ» փոխանցումների համակարգի միջոցով: ՏեղեկությունըSputnik Արմենիային հայտնեց բանկի զանգերի կենտրոնը (բանկի PR ծառայությունը հեռախոսազանգերին չէր պատասխանում-խմբ.)։
Բանկի զանգերի կենտրոնից հայտնել են, որ այս պահին համակարգը հասանելի չէ, տեղեկություններ չկան այն մասին, թե երբ այն կվերսկսի գործողությունը:
Մոսկվայի «Յունիստրիմի» զանգերի կենտրոնից հայտնել են, որ դեռ «Յունիբանկից» ծանուցում չեն ստացել համակարգի հետ աշխատանքը դադարեցնելու մասին, ավելացնելով, որ ներկայումս Հայաստանում իրենց հետ աշխատանքը շարունակում են «ՎՏԲ-Հայաստան» բանկը և «Արցախբանկը», ինչպես նաև TelCell-ն ու MobiDram փոխանցումների էլեկտրոնային համակարգերը:
Հիշեցնենք, որ «Յունիստրիմ առևտրային բանկ» ԲԸ-ն («Յունիստրիմ» վճարային համակարգի օպերատոր) ԱՄՆ պատժամիջոցների տակ է հայտնվել 2023 թվականի հուլիսի 20-ին։ Դրանից անմիջապես հետո համակարգի հետ աշխատանքը կասեցրեցին կամ խիստ սահմանափակեցին հայկական չորս բանկեր («Արդշինբանկ», «Կոնվերս բանկ», «Հայէկոնոմբանկ» և «Էվոկաբանկ»): «Յունիբանկի» կողմից սպասարկման դադարեցումը հատկանշական է այն բանով, որ դրա սեփականատերերը՝ Գագիկ Զաքարյանը և Գեորգի Պիսկովը, «Յունիաստրում բանկի» նախկին համասեփականատերերն են (այն նախկինում նաև «Յունիստրիմ» համակարգի սեփականատերն էր, մինչև 2017 թվականին «կլանվեց» «Արևելյան էքսպրես» բանկի կողմից):