Էմանուել Մակրոնին ուղղված նամակի գաղափարը ողջունելի է, բայց Ֆրանսիան զորք չի ուղարկի Հայաստան.Խաչիկյան

Sputnik
Հունիսի 17-ին Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ:Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը: Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ:
Բացի այդ, Հայաստանի պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր, որի շրջանակում Ֆրանսիան Հայաստանին պետք է մատակարարի CAESAR ինքնագնաց հրետանային կայանքներ։ Այս գործարքի համար Բաքուն մեղադրել է Փարիզին` «Հարավային Կովկասում սադրիչ գործունեության մեջ:
Հայաստանի արտգործնախարարությունն էլ արձագանքել է, որ մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:
Ավելին, ըստ ֆրանսիական մամուլի` այդ երկրի քաղաքական ու հասարակական մի քանի տասնյակ գործիչներ բաց նամակով դիմել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին` Հայաստան ֆրանսիական զորք ուղարկելու խնդրանքով։ Նամակը ստորագրել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները և այլ հայտնի անձինք:
«Մենք կարծում ենք, որ Հայաստանում ֆրանսիական եռագույնի տեղակայումը` բացառապես խաղաղ մտադրությունների ցուցադրմամբ, կամրապնդի երկրի իմունիտետը տոտալիտար սպառնալիքներից»,-նշել են նամակի հեղինակները։
«Հաճելի է լսել, որ ֆրանսիացիները մտահոգ են Հայաստանի ճակատագրով, և Էմանուել Մակրոնին ուղղված նամակի գաղափարը ողջունելի է, բայց Ֆրանսիան զորք չի ուղարկի Հայաստան»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը։