ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Վրաստանում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սեռափոխության, նույնասեռ հարաբերությունների և ինցեստի հանրահռչակմանն ուղղված հանրային հավաքների և ցույցերի անցկացման արգելք կգործի: Իսկ սեռափոխության վիրաբուժական վիրահատությունները, ինչպես նաև կենսաբանական սեռի փոփոխության հետ կապված ցանկացած բժշկական մանիպուլյացիա քրեական հանցագործություն կհամարվեն։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Հավաքների և ցույցերի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» նոր սահմանադրական օրենքից բխող 18 օրինագծերի փաթեթի մի մասն են, որոնց քննարկումը Վրաստանի խորհրդարանի իրավաբանական կոմիտեն կսկսի այս շաբաթ:
Փոփոխությունների համաձայն՝ կարգելվի այնպիսի հանրային հավաքների անցկացումը, որոնք ուղղված կլինեն մարդու՝ կենսաբանական սեռից տարբերվող սեռի պատկանելության, նույն սեռի անձանց միջև սեռական կողմնորոշման հիման վրա հարաբերությունների կամ ինցեստի հանրահռչակմանը:
Ոստիկանությունն իրավունք կունենա պահանջել դադարեցնել նման թեմայով ակցիան, իսկ 15 րոպե անց կիրառել օրենքով նախատեսված միջոցներ, եթե պահանջը չբավարարվի:
Ինչ վերաբերում է սեռափոխությանը, ապա, ըստ փոփոխությունների, կենսաբանական սեռի փոփոխությանն ուղղված վիրաբուժական վիրահատությունների կամ բժշկական մանիպուլյացիաների իրականացումը կպատժվի տուգանքով կամ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից 4 տարի ժամկետով:
*Ռուսաստանում արգելված կազմակերպություն