ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ԱՄՆ պետքարտուղարության առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։ Անդրադարձ է արվել մի շարք հարցերի, այդ թվում՝ երկու երկրների միջև բարեկամական և առևտրային կապերի խորացմանը։
«Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում միջազգային մրցութային ընթացակարգով իրականացվող տարբեր ենթակառուցվածքային, այդ թվում՝ ճանապարհաշինական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցության, ամերիկյան ներդրումների ներգրավման վերաբերյալ հարցեր»,- տեղեկացնում են գերատեսչությունից։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան
Սանոսյանը Մորգենթաուին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մանրամասները, ինչպես նաև նախագծի շրջանակներում սպասվող ենթակառուցվածքային ծրագրերը։
ԱՄՆ պետքարտուղարության առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաու
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև մայիսի 26-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից հետո ստեղծված իրավիճակի մասին։ Սառա Մորգենթաուն ընդգծել է, որ աղետի գոտում կամուրջների և այլ ենթակառուցվածքների վերականգնման հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։