Փորձում են պառակտել ընդդիմադիր դաշտը․ ՀՅԴ-ն՝ տարածված ձայնագրությունների մասին

ՀՅԴ-ից շեշտում են, որ նման հակաօրինական ձայնագրություններ պատրաստող և տարածող բոլոր անձինք պետք է քրեաիրավական պատասխանատվության ենթարկվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Իշխանական կայքերում և սոցցանցերի էջերում հայտնվում են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանին վերագրվող ձայնագրություններ, որոնցով փորձ է արվում արատավորել նրա բարի համբավը և կեղծ լուրեր տարածելով՝ պառակտել ընդդիմադիր դաշտն ու շարժման շարքերը։ Նշված է ՀՅԴ տարածած հայտարարության մեջ։
«Հայտնում ենք, որ իսկությանը չհամապատասխանող այդպիսի ձայնագրությունների ստեղծումը (թե ինչ տեխնոլոգիաներով են դրանք ստեղծել, դեռ կպարզվի քննության ընթացքում) և տարածումն ապօրինի է: Այդպիսի վարքագիծն ամբողջովին համապատասխանում է Հայաստանում հաստատված ռեժիմի՝ ստի և կեղծիքի որդեգրած գործելաոճին»,- շեշտվում է հաղորդագրության մեջ։
ՀՅԴ-ից նաև տեղեկացնում են, որ տեղեկացված են եղել այս և նմանատիպ այլ ձայնագրություններ պատրաստելու իշխանությունների հանձնարարության մասին: Հիշեցնում են՝ դրանք հակաօրինական են։ ՀՅԴ-ն ընդգծում է, որ նմանատիպ ձայնագրությունների ստեղծման և տարածման գործում ներառված բոլոր անձանց պետք է քրեարիավական գնահատական տրվի:
Հավելենք, որ իշխանական կայքերում տարածվել էր մի ձայնագրություն, որում իբրև թե Գերասիմ Վարդանյանը հանձնարարություններ է տալիս ինչ-որ մեկին, թե ինչպես բաժանել հանրահավաքինն մասնակցելու համար գումարները, ում և ինչքան կաշառք տալ։
Հիշեցնենք՝ հունիսի 16-ին հայտնի դարձավ, որ Գերասիմ Վարդանյանը կալանավորվել է 2 ամսով։
ՀՀ իշխանությունները ՀՅԴ–ի դեմ կիրառում են բոլոր հնարավոր մեթոդները՝ արհեստական և կեղծ գործեր հարուցելու համար․ Արծվիկ Մինասյան
Ավելի վաղ ՀՅԴ կուսակցության գրասենյակներում խուզարկություններ էիր իրականացվել։ Վարդանյանը ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։ ՔԿ–ն հրապարակել էր միայն այդ անձանց սկզբնատառերը` Գ.Վ. և Վ.Դ.։ Ենթադրվում է, որ Գ.Վ.–ն հենց Գերասիմ Վարդանյանն է։