Վլադիմիր Պուտինը և Կիմ Չեն Ինը նվերներ են փոխանակել

Պուտինը և Կիմ Չեն Ինը
Ռուսաստանի նախագահի օգնականը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ են նվիրել Պուտինին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԿԺԴՀ-ի նախագահ Կիմ Չեն Ինը նվերներ են փոխանակել. Հյուսիսային Կորեայի առաջնորդը նոր «Աուրուս» և թեյի սպասք է նվեր ստացել, իսկ Պուտինը` մի քանի գեղարվեստական ստեղծագործություն։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մենք «Աուրուս» ավտոմեքենա նվիրեցինք։ Այո՛, դա երկրորդն է», - պարզաբանել է նախագահի օգնականը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդին փոխանցված նվերների թվում նաև ծովակալի դաշույն է եղել։
Անդրադառնալով Պուտինին փոխանցված նվերների մասին` Ուշակովը նշել է, որ դրանք նույնպես լավն են, բայց չի ասել` կոնկրետ ինչ են նվիրել։ ՌԴ նախագահի օգնականն ակնարկել է, որ դրանք կապված են Պուտինի պատկերի հետ։
Ուշակովն ասել է` պատկերների մի քանի տարբերակ է եղել, ընդ որում՝ բոլորը գեղարվեստական, այդ թվում՝ կիսանդրի։
Հիշեցնենք` Պուտինը Հյուսիսային Կորեա է մեկնել հունիսի 18-ին։ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ բանակցություններից առաջ ՌԴ նախագահը հայտարարել է, որ պատրաստվել է նոր հիմնարար փաստաթուղթ, որը երկար տարիներ հիմք կհանդիսանա Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի հարաբերությունների համար:
Պուտինի և Կիմ Չեն Ինի ընդլայնված կազմով բանակցությունները տևել են ավելի քան 1,5 ժամ։