ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Հրեական կրոնական» կենտրոնի գրասենյակի պատուհանը քարով հարվածելու և ապակին կոտրելու դեպքը բացահայտվել է. մեկ անձի մեղադրանք է ներկայացվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 10–ին՝ ժամը 01։43–ին, «Հրեական կրոնական» կենտրոնի գրասենյակի պատուհանին քարով հարվածել և ապակին կոտրել է Արտաշատ քաղաքի 35–ամյա բնակիչը, ապա դիմել փախուստի։
Նշվում է, որ 35–ամյա անձը հայտնաբերվել է, տվել է ինքնախոստովանական ցուցմունք։
«Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է, որ Նար–Դոսի 23 հասցեում գտնվող «Հրեական կրոնական» կազմակերպության պատուհանը եղել է կոտրված, իսկ գետնին հայտնաբերվել և վերցվել է երկու քար: Առգրավվել և ուսումնասիրվել են տարածքը տեսագրող սարքի պարունակության՝ դեպքին վերաբերելի հատվածները»,– ասված է հաղորդագրության մեջ։
Պարզվել է նաև, որ նշված անձի գործողությունների շարժառիթը եղել է ազգային, էթնիկական թշնամանքը։
Դեպքի առթիվ հունիսի 17-ին միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին` 35–ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածով (ռասայական, ազգային, էթնիկական կամ կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքները ոչնչացնելը կամ վնասելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:
35–ամյա անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։