ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցի հունիսի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների խորհրդի նիստին: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Նշենք, որ Ղազախստանի նախագահությամբ անցկացվելիք նիստում ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկելու են միջազգային զարգացումները, տարածաշրջանային իրավիճակը, արտաքին քաղաքականության ոլորտում համակարգման ամրապնդման մեխանիզմները և այլն։ Ակնկալվում է, որ խորհուրդը հավանության կարժանացնի մի շարք որոշումների նախագծեր, որոնք հաստատման կներկայացվեն այս տարվա նոյեմբերի 28-ին կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում:
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: