ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Տեղեկությունը հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` արձագանքելով Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը անդրադարձել էր Հայաստանի և Ֆրանսիայի միջև CAESAR ինքնագնաց հրետանային կայանքների առքուվաճառքի պայմանագրին և Փարիզին մեղադրել «Հարավային Կովկասում սադրիչ գործունեության համար»:
«Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը: Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,– ասված է հայտարարության մեջ:
ՀՀ ԱԳՆ–ից նաև նշում են, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի:
Արտաքին գերատեսչությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ՀՀ–ն այս մոտեցումը գործնականում ապացուցել է ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ:
«Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային»,– ավելացրել են ԱԳՆ–ից:
Գերատեսչությունից նշում են, որ ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024 թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո ՀՀ նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:
ՀՀ ԱԳՆ–ն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս, ինչպես նաև այն փաստի վրա, որ մեկ ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք:
ՀՀ ԱԳՆ–ն մտավախություն ունի, որ Ադրբեջանի գործելակերպը նպատակ ունի 2024 թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո ՀՀ նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկել: