Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին

Փաստաթուղթը Իսլամական Հանրապետության և տնտեսական միավորման միջև ստորագրվել է անցյալ տարվա վերջին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Իրանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության և Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագրին:
Ինչպես հաղորդում է «Fars» գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադորի Ջահրոմին:
«Նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի օրինագծի ստորագրմանը», - ասել է Ջահրոմին կառավարության նիստից հետո կայացած ասուլիսում:
Համաձայնագիրը ստորագրվել է նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։ Ավելի վաղ պայմանագիրը վավերացրել էր նաև Հայաստանը։