ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի–Sputnik. Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ, որոնք անխուսափելիորեն տեղի են ունենալու նաև սփյուռքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցների հետ զրույցում:
Փաշինյանը նշել է, որ այդ փոփոխություններն առաջին հերթին սոցիալ-հոգեբանական նշանակություն ունեն:
«Դրանք մտածողության փոփոխություններ են, և կարծում եմ, որ այդ փոփոխություններն անխուսափելիորեն տեղի են ունենում և տեղի են ունենալու նաև սփյուռքում: Եվ շատ կարևոր է, որ մենք այս փոփոխվող մտածողությունը ճիշտ քարտեզագրենք: Դրա արդյունքում պիտի անխուսափելիորեն արձանագրենք, որ դրա կենտրոնում հայոց պետականությունն է` Հայաստանի Հանրապետությունը»,- նշել է Փաշինյանը:
Նրա խոսքով` «իԳործ» ծրագիրն ավելի է կարևորվում, որովհետև այն սփյուռքի հայրենակիցներին հնարավորություն է տալիս Հայաստանը բոլոր դիտանկյուններից տեսնել՝ ստեղծելով օրգանական կապ Հայաստանի Հանրապետության և սփյուռքի միջև։
«իԳործ» ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ երկրի պետական տարբեր գերատեսչություններում աշխատելու հնարավորության համար և ներկայացրել իրենց կողմից իրականացվող աշխատանքը, կիսվել տպավորություններով:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էլ նշել է, որ 2023-2024 թվականներին ծրագրի 50 մասնակցից 7-ն արդեն իսկ ստացել է ՀՀ քաղաքացիություն և որոշել հիմնովին տեղափոխվել Հայաստան: Սինանյանի տեղեկացմամբ` վերջին երեք տարիների մասնակիցների 70 տոկոսը որոշել է ապագան կապել Հայաստանի հետ և տեղափոխվել հայրենիք: