ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հայաստանի ավագ դպրոցի 15 աշակերտներ և երկու ջոկատավարներ կմասնակցեն բելառուսա-ռուսական «Հիշողության գնացք» հայրենասիրական կրթամշակութային նախագծին: Ֆեյսբուքի իր էջում այս մասին հայտնել է ռուսական համայնքից ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։
«Արդեն վաղը ավագ դպրոցի 15 աշակերտներ և երկու ջոկատավարներ կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու «Հիշողության գնացք» միջազգային կրթամշակութային նախագծին։ Երկու շաբաթվա ընթացքում նրանք կայցելեն Ռուսաստանի և Բելառուսի 14 քաղաքներ` հարմարավետ երկհարկանի գնացքով»,- գրել է Սանդիկովը։
Նա նաև հայտնել է, որ այսօր Երևանի Հաղթանակի զբոսայգում նրանց հետ հանդիպել են նախորդ տարվա նախագծի մասնակիցները, պատմել իրենց տպավորությունների մասին և բարի ճանապարհ մաղթել այս տարվա մասնակիցներին։
«Հիշողության գնացք» նախագիծն իրականացվում է ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի և Բելառուսի Ազգային ժողովի խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովայի նախաձեռնությամբ: Արդեն երրորդ անգամ կազմակերպվող «Հիշողության գնացքի» ուղևորներն այս տարի հունիսի 20-ից հուլիսի 6-ը կլինեն ԱՊՀ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի բարձր դասարանցիները:
Նախագիծն ուղղված է ԱՊՀ երկրների երիտասարդության միավորմանը, եղբայրական ժողովուրդների պատմական հիշողության նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորմանը: