Չինաստանի հետ հարաբերությունները ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն են. Արշակյան

Չինաստանը հարգում է Հայաստանի՝ արտաքին հարաբերություններում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Չինական ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում մասնակցելու Հայաստանի տնտեսության զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող ենթակառուցվածքային, այդ թվում՝ ինչպես միջազգային մրցութային, այնպես էլ ներդրումային ծրագրերին: Այս մասին Պեկին պաշտոնական այցի ժամանակ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շոկրատ Զաքիրի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նա հավելել է, որ չինական ընկերություններն ակտիվ ներգրավված են ՀՀ-ում իրականացվող խոշոր նախագծերում, մասնավորաբար՝ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի և Կապսի ջրամբարի շինարարությանը:
Արշակյանը շեշտել է, որ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկը, որն ընդգրկված է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրում:
Հանդիպման ընթացքում խոսվել է հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության զարգացման տեմպերի մասին, քննարկվել են ճանապարհաշինության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներին վերաբերող հարցեր:
Արշակյանը նշել է, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել իր մասնակցությունը բազմակողմ համագործակցության տարածաշրջանային կառույցներում։ Այս առումով շեշտվել է Շանհայի կազմակերպության շրջանակում համագործակցության որակական զարգացման անհրաժեշտությունը:
ԱԺ փոխնախագահը նաև ողջունել է ՉԺՀ-ի ակտիվ ներգրավվածությունը Հարավային Կովկասի զարգացման գործում, ընդգծել, որ դա դրական ազդեցություն ունի նաև տարածաշրջանի կայունության և անվտանգության համար:
Հանդիպմանը ներկայացվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության, սահմանազատման և սահմանագծման գործընթացներին վերաբերող հարցեր։
ԲՐԻԿՍ-ն առաջ է շարժվում, նրա դերն աշխարհում կաճի․ Լավրով
Շոկրատ Զաքիրն իր հերթին շեշտել է, որ Չինաստանը հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը, ինչպես նաև արտաքին հարաբերություններում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը:
Նշենք, որ Պեկին մեկնած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Լենա Նազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հայկ Ցիրունյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։