ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման հանդիպել է ՀՀ–ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մի քանի ղեկավարների հետ։ Նա այդ մասին գրել է X սոցցանցում։
«Ջերմ և արդյունավետ հանդիպում համախոհ դիվանագետների և հայ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Հայաստանի աճող դերը համաշխարհային ասպարեզում»,– նշել է նա:
Վերման հավելել է, որ միասին ձգտում են նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը։ Ըստ նրա` սա է շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագան։
Հիշեցնենք` Վերման առաջին անգամ է այցելել Հայաստան։ Հունիսի 17-ին նրան ընդունել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, իսկ հունիսի 18-ին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։