Պահպանողական ճամբարներն առ այս պահը հստակ չեն կողմնորոշվել, թե որ թեկնածուին են աջակցելու․ Ժաննա Վարդանյան

Sputnik
Իրանում նախանշված նախագահական ընտրություններին մնացել է 10 օր, բայց պահպանողականներն առ այսօր չեն որոշել, թե որ թեկնածուի շուրջ են համախմբվելու. Sputnik Արմենիայի եթերում ասել է իրանագետ Ժաննա Վարդանյանը։
«Թեև ի սկզբանե հիմնական ֆավորիտը համարվում էր Ղալիբաֆը, սակայն հիմնական խնդիրն այն է, որ պահպանողական ճամբարներն առ այս պահը հստակ չեն կողմնորոշվել և չեն որոշել, թե կոնկրետ որ թեկնածուին են աջակցելու, ինչը իրենց համար ավելի հեշտ կապահովի իրենց հաղթանակը։ Մինչդեռ բարեփոխականները շատ կուռ համախմբվածույուն են դրսևորել Փեզեշքիանիի շուրջ»,- ասել է իրանագետը։ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցած 6 թեկնածուները նախօրեին մասնակցել են առաջին հեռուստաբանավեճին, հիմնականում` տնտեսական խնդիրների շուրջ։
Հիմնական քաղաքական խնդիրը, սակայն, շարունակում է մնալ պահպանողական թեկնածուների համախմբումը մեկ թեկնածուի շուրջ` հանուն ընդհանուր հաղթանակի։
Մինչ փորձագետները պահպանողականներին միավորման կոչ են անում, բարեփոխական թեկնածու Մասուդ Փեզեշքիանին ընտրողներին ներկայանում է «փոփոխություն բերողի» կերպարով։ Քարոզարշավի շրջանակներում նա նույնիսկ այնպիսի անձեռնմխելի թմայի է անդրադարձել, ինչպիսին «բարոյականության ոստիկանության» գործունեության նպատակահարմարությունն է։
Փեզեշքիանին հայտարարել է, թե կանայք չպիտի ատեն հավատքը, և էական չէ, թե նրանք ինչ են հագնում։