ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Այն, ինչ կատարվում է GG ընկերության հետ, ՏՏ համայնքը բացասական ազդակ է ընկալում և համարում է, որ այն կարող է լուրջ խոչընդոտ դառնալ թե՛ Հայաստանի ՏՏ ոլորտում արդեն իսկ գործող ընկերությունների հետագա գործունեության, թե՛ ՀՀ–ն որպես նոր աշխարհագրական տարածք դիտարկող ներդրողների համար։ Այս հայտարարությունը տարածել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ GG ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը հունիսի 12-ին «Ֆեյսբուքի» իր էջում աջակցություն էր հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և գրել. «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»։ Հունիսի 15-ին հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն առգրավել են այդ ընկերության գրասենյակի բոլոր 26 համակարգիչները։
ԱՏՄՁ–ից նշում են, որ GG ընկերությունը ՏՏ համայնքի անդամներից է, որը հայկական բիզնեսի հաջողված օրինակներից է, և մտահոգիչ են համարում ընկերության և հիմնադրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
«Կարծիք արտահայտելու համար քաղաքական ճնշման տպավորություն թողնող գործողությունները ոչ միայն խոչընդոտում են բիզնեսին, այլ նաև հանգեցնում են նրան, որ հասարակության ամենաստեղծարար հատվածներից մեկը զգալու է իրեն ձայնազուրկ, ինչն էլ միայն վնասելու է ժողովրդավարական պետության կայացմանը»,– ասված է միության հայտարարության մեջ։
ԱՏՁՄ–ից ընդգծում են` այն հանգամանքը, որ դեռևս 2023 թ. հարուցված քրեական գործի շրջանակում քննչական գործողություն սկսել են կատարել 2024 թ. հունիսի 15–ին, այսինքն` GG ընկերության հիմնադրի կողմից սոցիալական մեդիայով արված հայտարարությունից անմիջապես հետո, տեղիք է տալիս կասկածելու, որ ձեռնարկված քննչական գործողությունները՝ խուզարկության տեսքով, հանդիսանում են ընկերության հիմնադրի հայտարարության հետևանք և առկա է քաղաքական ենթատեքստ։
«Բարձրացած աղմուկը վնասում է GG ընկերության գործարար համբավը, իսկ ձեռնարկված խուզարկության արդյունքում գույքի (hամակարգիչներ և հեռախոսներ) առգրավումը խաթարում է տարիներ շարունակ խոշոր հարկատուների ցուցակում ընդգրկված ընկերության բնականոն աշխատանքը»,– նշում են միությունից։
ԱՏՁՄ–ն պետական մարմիններին կոչ է անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել ոչ միայն ընտրովի արդարադատության իրագործման, այլև առհասարակ վնասել բիզնես միջավայրի զարգացմանը և նոր ներդրումների ներգրավմանը։
Հիշեցնենք` հունիսի 16–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտարարեց, որ GG ընկերության դեմ քրեական վարույթը` հարկերից խուսափելու հատկանիշներով, ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023 թ. մայիսին։