ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Տարօրինակ իրադրություն է ստեղծվել «Հաղթանակ» զբոսայգու Սահմանապահների փառքի ծառուղու շուրջ, որը նաև խորհրդանշում է հայ և ռուս սահմանապահների համատեղ ծառայությունը Հայաստանի սահմանների պաշտպանության գործում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծառուղում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը։ Այսօր առավոտից մենք փորձում էինք պարզել, թե ում ենթակայության տակ է Փառքի ծառուղին։ Սկզբում քաղաքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Հաղթանակ» զբոսայգու տարածքի սեփականատերն իրենք են, բայց այն միևնույն ժամանակ վարձակալ ունի, որի ենթակայության տակ էլ գտնվում է ծառուղին։ Շուրջ 8-9 ժամ անց միայն քաղաքապետարանն ընդունեց, որ այդ տարածքն իրենց տնօրինության տակ է։
Ծառուղու վերաբացման արարողությունը տեղի է ունեցել 2023 թվականի փետրվարի 28-ին, միջոցառմանը ներկա է եղել այն ժամանակ դեռ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Այդ ժամանակ այնտեղ նաև սահմանապահի հուշարձան է տեղադրվել։ Այդ օրը ծածանվել է ՀՀ 2 դրոշ, պայմանական սահմանային սյուներից մեկի վրա եղել է ՀՀ–ի, մյուսի վրա` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինանշանը։
Սահմանապահների փառքի ծառուղու վերաբացման հանդիսավոր արարողությունը 2023 թվականին
© Photo : official site of Yerevan municipality
Ընդամենը 1,5 ամիս անց այնտեղ անցկացվել է «Հիշողության այգի» ակցիան, և Sputnik Արմենիայի լուսանկարիչը ֆիքսել է հայկական և ռուսական դրոշներ, իսկ սյուների վրա` ՀՀ–ի և ԽՍՀՄ զինանշանները։
«Հիշողության այգի» ակցիայի ժամանակ
© Sputnik / Арам Нерсесян
Նշենք, որ քաղաքապետարանում տեղյակ չեն նաև, թե ծառուղու վերաբացումից հետո ինչպես և երբ է ՀՀ դրոշներից մեկը փոխարինվել ՌԴ դրոշով։
Երևանի քաղաքապետարանից հայտնեցին` բացի նրանից, որ իրենց ենթակայության տակ է գտնվում ծառուղին, միևնույն ժամանակ այն հատուկ պահպանվող տարածք չի համարվում, դրա համար այնտեղ հսկողություն չի իրականացվել։
«Բոլորիս աչքից վրիպել է, մենք ընդունում ենք։ Նախնական տեղեկությամբ, մեր ուսումնասիրությամբ` վերջին օրերին է նման դեպք տեղի ունեցել։ Դրոշը կարճ ժամանակահատվածում կվերականգնենք, լինելու է ևս մեկ հայկական դրոշ»,– ասացին քաղաքապետարանից։
Ոստիկանության ծառայողը շրջագայության ժամանակ նկատել է, որ դրոշը պատռված է, ու նրա զեկուցագրի հիման վրա նյութեր են նախապատրաստվել, և փաստաթղթերն արդեն իսկ ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե։
Միաժամանակ նշենք, որ Փառքի ծառուղու վերաբացումից առաջ՝ 2022 թվականի մայիսի 28-ին, սահմանապահների հուշահամալիրը բոլորովին այլ տեսք ուներ։ Հուշաքար էր տեղադրված, բայց Հայաստանի և Ռուսաստանի դրոշներով։
2022 թվականի մայիսի 28
© Sputnik / Irina Abroyan
Այդպես էլ անհասկանալի մնաց, թե քաղաքապետարանը որ դրոշն է վերականգնելու, թեև ձողի վրա մնացած կտորի գույներից հստակ կարելի է հասկանալ, որ հենց ռուսական դրոշն է պատռվել։