ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. ՀՀ իշխանությունը պատրաստվում է ևս 4 գյուղ հանձնել Ադրբեջանին, ինչը կարող է միայն հանրաքվեով տեղի ունենալ։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ Փաշինյանի սյունիքյան այցը, որին հետևելու են այցեր նաև այլ մարզեր, նպատակ ուներ հանրապետությունը նախապատրաստել հանրաքվեի գործընթացին:
Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` հանձնվելու են Արարատի մարզում Տիգրանաշենը, իսկ Տավուշում` Սոֆուլու, Բարխուդարլու և Վերին Ոսկեպար գյուղերը:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ այս գյուղերը ՀՀ օրենսդրությամբ մեր տարածքային ամբողջականության մաս են կազմում, սրանց հանձնումը կարող է տեղի ունենալ միայն հանրաքվեով: Եթե նախորդ դեպքում իշխանությունը կարողացավ «սղցնել» իր զիջումը, ապա այս դեպքում լուրջ խնդիրներ կան»,- ասում է Աբրահամյանը:
Պատգամավորը հիշեցնում է՝ այս գյուղերի հանձնումը ռազմավարական լուրջ հարված են Հայաստանին, բայց կառավարությունը միակողմանի զիջումները դիտարկում է բացառապես իր իշխանությունը պահպանելու տեսանկյունից, և հանուն դրա շարունակելու է տրվել ադրբեջանական շանտաժին:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Մայիսի 24–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտնեց, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։