ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային և հայ–ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր քննարկել: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումն ու բազմաոլորտ համագործակցության խորացումը: Փաշինյանը նշել է, որ Վերմայի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զորեղացմանը միտված ծրագրերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մակարդակում հարաբերությունների ընդլայնմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վերման իր հերթին շեշտել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Հայաստանի հետ տարբեր ուղղություններով։
Անդրադարձ է արվել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
Փաշինյանն ու Վերման խոսել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ Անդրադարձ է արվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրին, որը մշակվել է կառավարության կողմից։ Այս հարցում վարչապետը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը:
Հիշեցնենք` Վերման առաջին անգամ է այցելում Հայաստան։ Երեկ նրան ընդունել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։