Փարիզի քաղաքապետը, այլ քաղաքական գործիչներ Մակրոնին կոչ են արել զորք ուղարկել Հայաստան

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Երևանում. Արխիվային լուսանկար
Հայտարարության մեջ ասվում է, որ այս բարդ ժամանակահատվածում զորախումբը կբարձրացնի բարեկամ Հայաստանի անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Ֆրանսիայի մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված բաց նամակ են ստորագրել` կոչ անելով խաղաղապահ զորակազմ ուղարկել Հայաստան: Այս մասին հայտնում է Le Point պարբերականը։
Նամակի տակ ստորագրել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնար Քուշները և այլ հայտնի անձինք: Նամակի հեղինակներն ընդգծում են Հայաստանի անվտանգության ապահովման և ինքնիշխանության պահպանման կարևորությունը։ Նրանք շնորհակալություն են հայտնել նախագահին պաշտպանական ծրագրերում, այդ թվում` սպառազինության մատակարարումներում և հայ զինծառայողների համար ուսումնական ծրագրերում Հայաստանին աջակցելու համար:
«Ցավոք, դա կարող է բավարար չլինել Ալիևի վարչակարգը էքսպանսիոնիստական և հանցավոր ծրագրերից հետ պահելու համար։ Ադրբեջանը, հենվելով ռազմական առավելության վրա, նավթագազային եկամուտների և Թուրքիայի աջակցության շնորհիվ, տրամադրված է ռազմական էսկալացիայի, հատկապես Ղարաբաղում «հաջողված» էթնիկ զտումներից հետո։ Դա բարդացրել է Հայաստանի հարաբերություններն իր ավանդական դաշնակից Ռուսաստանի հետ»,-ասվում է հայտարարության մեջ։
Նամակի հեղինակները «վատագույն սցենարից խուսափելու համար», առաջարկում են ցույց տալ Հայաստանին աջակցելու օրինակ` հնարավոր ագրեսորների ախորժակը զսպելու համար։
«Մենք կարծում ենք, որ Հայաստանում ֆրանսիական եռագույնի տեղակայումը` բացառապես խաղաղ մտադրությունների ցուցադրմամբ, կամրապնդի երկրի իմունիտետը տոտալիտար սպառնալիքներից»,-հայտարարում են նամակի հեղինակները։
Նամակը ստորագրողների թվում են «Հանրապետականներ» կուսակցության նախագահ Էրիկ Չոտին, Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին, Իլ-դը-Ֆրանսի (Վալերի Պեկրես), Օ-դը-Ֆրանսի (Քսավիե Բերտրան), Օվերն-Ռոն-Ալպի (Լորան Վասկես) տարածաշրջանային օրենսդիր ժողովների նախագահները, Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին, Ֆրանսիայի հունական (նաև` կիպրական) և քրդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև հայտնի լրագրողներ, գրողներ և պատմաբաններ։
Հայաստանն ու Ֆրանսիան նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել. ՊՆ