Կարկուտը Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում 40 տանիք ու ավելի քան 10 մեքենա է վնասել

Կարկուտ
Կարկուտի հասցրած վնասների վերջնական չափը դեռ ճշտվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Տաշիր խոշորացված համայնքի Պրիվոլնոյե գյուղում հունիսի 16-ին տեղացած կարկուտի հետևանքով տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Պրիվոլնոյե գյուղի վարչական ղեկավար Էմիլ Գրիգորյանը։
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տեղակալ Գագիկ Սուրենյանը երեկ լուսանկար էր հրապարակել ֆեյսբուքյան էջում և նշել, որ Պրիվոլնոյե գյուղում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել:

«Մոտ 40 տանիք է վնասվել, ավելի քան 10 մեքենա: Բայց դրանք խոշոր վնասներ կրածներինն է։ Կան նաև մանր վնասներ»,– Sputnik Արմենիային ասաց գյուղի վարչական ղեկավարը։

Անդրադառնալով կարկուտի գյուղատնտեսական հետևանքներին` Գրիգորյանը նշեց, որ գյուղում մեծ այգիներ չկան։ Մարդիկ տնամերձ այգիներում ունեն պտղատու ծառեր, որոնց բերքը ևս վնասվել է։
«Ցորենի դաշտեր ունենք, մոտ 30 հեկտարը վնասվել է»,– ասաց նա:
Գյուղապետի խոսքով` ձվի մեծության կարկուտը դադարներով, բայց մոտ երկու ժամ տեղացել է:
Տաշիր խոշորացված համայնքի ղեկավար Էդգար Արշակյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ այժմ գույքագրում են գյուղի կրած վնասները։
«Կարծում եմ` վաղը երեկոյան վնասների հստակ չափը կարող ենք նշել»,–ասաց նա։
Արշակյանը ենթադրում է, որ ցորենի ցանքատարածքների մոտ 50 տոկոսը վնասվել է։