ՀՀ–ի` ԱՄՆ–ի «հովանոցի» տակ անցումը կքանդի ՌԴ–ի հետ միասնական պաշտպանական տարածքը. Գալուզին

Ռուս դիվանագետը նշել է, որ Մոսկվան բազմիցս և տարբեր մակարդակներում հստակ պատրաստակամություն է հայտնել քննարկել Երևանին հուզող հարցերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի–Sputnik. Հայաստանի` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անցումն անհնարին կդարձնի ՌԴ-ի հետ և ՀԱՊԿ-ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը։
Այս մասին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է «Կոմսոմոլսկայա պրավդա»–ի հետ զրույցում։ Հարցազրույցի ամբողջական տեքստը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ կայքում:
«Անվտանգության ոլորտում Հայաստանի ինքնիշխանության հետագա լղոզումը և ԱՄՆ – ի և ՆԱՏՕ-ի «թղթե հովանու» ներքո արևմտյան մոդելին անցնելը պարզապես անհնար կդարձնի Ռուսաստանի հետ միասնական պաշտպանական տարածքի պահպանումը նաև ՀԱՊԿ շրջանակներում», - ասել է նա:
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, Մոսկվան բազմիցս և տարբեր մակարդակներով հստակ պատրաստակամություն է հայտնել քննարկել Երևանին հուզող հարցերը:
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը: