Հայաստանի «եվրոպականացման» գինը, կամ երկիրը տանում են մասնատման

Հայաստանի և ԵՄ դրոշներ. Արխիվային լուսանկար
Sputnik Արմենիայի սյունակագրի կարծիքով՝ ԱՄՆ-Հայաստան փոխգործակցությամբ կմեծանա Հայաստանի տարանջատումը եվրասիական վեկտորից՝ երկրի փրկված հատվածից Իրանի վրա ուղղակի/միջնորդավորված ճնշման պլացդարմ ստեղծելով։
Sputnik
Կիրառական աշխարհաքաղաքականության մեջ կա այնպիսի սահմանում` «մասնատվող երկիր», այսինքն՝ երբ մի երկիր կամ քաղաքական կազմավորում հանուն իր շահերի, գիտակցաբար, մյուս երկրին տանում է ապամոնտաժման կամ մեղմ ասած` որպես էթնոքաղաքական միավոր «չեզոքացման»՝ իբր թե անկախության և ինքնիշխանության պահպանմամբ։
Հայաստանը, ցավոք, հայտնվել է հենց այս իրավիճակում։
Դատեք ինքներդ։
Ամենայն հավանականությամբ, մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ ԱՄՆ-ն և Եվրոպան, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համաձայնեցնելով, սկսում են Հայաստանի՝ որպես Հարավային Կովկասի էթնոքաղաքական սուբյեկտի սեփական սուբյեկտիվությունը այսպես կոչված «խաղաղության» հետ փոխանակելու գործընթացը։
Դա կարելի է պնդել՝ հենվելով վերջին իրադարձությունների զարգացման և տրամաբանության վրա՝ ԱՄՆ և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարության հաճախակի դարձած շփումների լույսի ներքո։
Մերկապարանոց չլինելու համար առնվազն հիշենք ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությունը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը ԱՄՆ-ն դիտարկում է (ուշադրություն) տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացման և Թուրքիայի տարածքով Եվրոպան և Միջին Ասիան կապող հաղորդակցությունների «բացման» հնարավորության համատեքստում։
Ըստ էության, ամերիկացի պաշտոնյան բացահայտում է հավաքական Արևմուտքի իրական նպատակները, որոնք իրենց հերթին տարօրինակ կերպով լիովին համապատասխանում են Ադրբեջանի տարածաշրջանային դոկտրինին:
Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները Ջեյմս Օ'Բրայենի հայտարարությունից անմիջապես հետո անթաքույց հրճվանքով հայտարարեցին, որ ԱՄՆ-ն աջակցում է «Զանգեզուրի միջանցքի» հայեցակարգին, այսինքն՝ Հայաստանի հարավը թուրքական «անցումային հարթակ» դարձնելուն` փաստացի Հայաստանի վերահսկողությունից դուրս։
Պակաս կարևոր չէ նաև այն փաստը, որ Օ'Բրայենը չէր կարող չիմանալ, որ հաղորդակցությունների բացումն այն տրամաբանությամբ, որը ենթադրում է Արևմուտքը, փաստացի կնշանակի Հայաստանի հարավի նկատմամբ ինքնիշխան վերահսկողության կորուստ ՀՀ իշխանությունների կողմից։

Իսկ հետո՞

Շատ շուտով ԱՄՆ-Հայաստան փոխգործակցությամբ կմեծանա Հայաստանի տարանջատումը եվրասիական վեկտորից՝ երկրի տարածքի մնացորդների վրա Իրանի վրա ուղղակի կամ միջնորդավորված ճնշման պլացդարմ պատրաստելով։
Միաժամանակ, Հայաստանն ակտիվորեն դառնալու է «հակաՌուսաստան»՝ դրանից բխող բոլոր սարսափելի հետևանքներով տարածաշրջանում հայկական էթնոքաղաքական միավորի ապագայի համար։
«Հպարտ քաղաքացիներին» տեղեկատվական բոլոր միջոցներով կպատմեն, որ ԱՄՆ-ն, որպես Թուրքիայի ամենամոտ դաշնակից և Ադրբեջանի էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկեր, մեզ «կպաշտպանի» իր թյուրքական գործընկերներից և դաշնակիցներից։
Եվ որ հայ-իրանական և հայ-ռուսական հարաբերությունների խզումն ընդունելի գին է «խաղաղության» հասնելու համար։
Սա իհարկե զառանցանք է, բայց ում է դա հետաքրքրում, երբ հեռվում նշմարվում են «ընտրյալների» ակումբ Հայաստանի իբր մտնելու հեռանկարներ։
Ճիշտ է, հայերին չեն պատմի, թե ինչպես ԱՄՆ-ն ու Եվրոպան «պաշտպանեցին» Կիպրոսը թուրքական օկուպացիայից կամ ինչպես ռազմավարական առումով «բարեկամացան» Իրաքի ու Աֆղանստանի հետ՝ երկու երկրներին փաստացի «ապամոնտաժման» հասցնելով։
Բայց դա հետո, իսկ հիմա կշրջանառվեն Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմի և ԵՄ մտնելու թեզերը։ Ճիշտ է, երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դիմաց, բայց այդ մասին, ինչպես զեղծարար սխեմաներում, «պայմանագրում» գրվելու է ամենափոքր տառատեսակով։
Ի դեպ, Հայաստանում թուրքամետ պրոքսի-կուսակցությունները, որոնք ընդօրինակում են արևմտականներին, արդեն իսկ տարածում են «ԵՄ մտնելու հանրաքվեի», «եվրոպական դրախտի» թեման և մնացած ականջահաճո աղբը։
Ու էլի մեզ չեն ասի, որ առանց վիզայի ռեժիմը Հայաստանի անկախության դիմաց կարող է և տան, բայց Հայաստանի մուտքը ԵՄ կլինի մոտավորապես այն ժամանակ, երբ հայերը սկսեն Սատուրնի գաղութացումը։
Այսինքն՝ երբեք։