ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Երևանում և Գեղարքունիքի մարզում երեք գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։
Տեսչական մարմինն այս գազաբենզալցակայաններում հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել և արձանագրել հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների խախտումներ։
Տեսչական մարմնի հրապարակած լուսանկարներից մեկը
Այդ գազաբենզալցակայաններն են` Երևանում` Հր. Քոչարի փողոց 𝟐𝟕 հասցեի դիմաց, «Վարանդ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող գազալցակայանը, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Կամոյի փողոց 𝟒𝟔/𝟏 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազալցակայանը, նույն մարզի Գեղհովիտ բնակավայր, 𝟓-րդ փողոց, տուն 𝟏𝟕𝟕 հասցեում շահագործվող բենզալցակայանը։
«Արձանագրել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցությամբ այս գազաբենզալցակայանները կապարակնքվել են։