ԵՄ–ն 100 000 եվրո օգնություն է հատկացնում ՀՀ–ում hեղեղումներից տուժածներին

Հեղեղումների հետևանքները Լոռիում
Մարդասիրական օգնությունը կտրամադրվի ընդհանուր առմամբ 5060 շահառուի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Եվրոպական միությունը 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում մայիսին հորդառատ անձրևներից առաջացած հեղեղումների հետևանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին աջակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ–ում ԵՄ պատվիակությունը։
ԵՄ–ի այս ֆինանսավորումը հատկացվում է օժանդակելու համար Հայկական Կարմիր խաչի ընկերությանը խիստ անհրաժեշտ, այդ թվում՝ դրամական օգնություն և առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու գործում։
«Մարդասիրական օգնությունը միտված է օգուտ բերելու ընդհանուր առմամբ 5060 շահառուի, այդ թվում՝ 2 500 անհատի, որոնք դրամական օգնություն կստանան իրենց ամենահրատապ կարիքները լուծելու համար, և 2760 անհատի, որոնք աջակցություն կստանան կացարանի տրամադրման, ինչպես նաև ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման նպատակով: Աջակցությունն ուղղված է այն տնային տնտեսություններին, որոնց տները, ցանքատարածությունները, անասունները և պարենային պաշարներն ավերվել են հեղեղումների հետևանքով»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԵԱԶԲ-ն ՀՀ–ին 100 մլն դրամ է հատկացրել հեղեղումների հետևանքները վերացնելու համար
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը աղետի գոտի են հայտարարվել։