ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Խորհրդարանական ընդդիմությունն ի սկզբանե հասկանում էր` ինչ ելք կունենա «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» հարցը քննարկելու համար նախաձեռնված արտահերթ նիստը, բայց նրանք չէին կարող չօգտագործել այդ գործիքակազմը։ Լրագրողների հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ արտահերթ նիստը տապալվեց, քանի որ ԱԺ–ում քաղաքական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէին ներկայացել։
«Ընդդիմության համար կարևոր էր ոչ թե բուն ուղերձը, այլ մեկնարկող գործընթացը», - ասաց Պողոսյանը:
Նա հույս ունի, որ շարժումն ապագայում կշարունակի զարգանալ այդ հունով, բնակչությունը կիմանա ճշմարտությունը, ավելի շատ դեմքեր ջրի երես դուրս կգան։
Հիշեցնենք` «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» նախագիծը ներկայացրել են ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները։