ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Երևանում ավտոմեքենաների բախումներից հետո առավելագույնը 15 րոպեի ընթացքում վթարված մեքենաները պետք է հեռացվեն ճանապարհի երթևեկելի հատվածից։ Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Մի անգամ փոփոխություն ՏԻՄ օրենքում եղել է, բայց խնդիրը չի լուծվել»,- ասաց նա։
Քաղաքապետը նշեց, որ հասկանում է ապահովագրական ընկերությունների խնդիրները, բայց պետք է ընդհանուր լուծում գտնվի։
Ըստ նրա` Երևանը միակ քաղաքն է աշխարհում, որ իրեն նման շռայլություն է թույլ տալիս, այդքան երկար ավտոմեքենանները թողնել դեպքի վայրում, սպասել ապահովագրական ընկերությանը, որպեսզի բոլոր ռիսկերը բացառվեն։ Արդյունքում շատ ավելի մեծ գումարներ են վատնվում։
Նա հանձնարարեց համապատասխան վարչություններին համագործակցել ճանապարհային ոստիկանության հետ ու պետք եղած դեպքում ՏԻՄ օրենքում կրկին փոփոխություններ անել։