ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հեռուստահաղորդավարուհի Տատյանա Լազարևայի (ՌԴ-ում օտարերկրյա գործակալ է ճանաչվել) դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչությունն արդարացնելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության պատասխանին՝ Պետդումայի պատգամավոր Անդրեյ Ալշևսկիխի հարցմանը։
Հունիսի 13-ին Ռուսաստանի ՆԳՆ-ն Լազարևայի նկատմամբ հետախուզում էր հայտարարել։
Ալշևսկիխը փաստաթուղթ է հրապարակել, որում հաղորդվում է Լազարևայի հայտարարությունների վերլուծության մասին՝ ռուսական օբյեկտներին ուկրաինական անօդաչուների հարվածների վերաբերյալ: Բացի այդ, լրացուցիչ լեզվաբանական հետազոտությունը հաստատել է նրա հայտարարություններում ահաբեկչությունն արդարացնող պնդումների առկայությունը։
Ապրիլին Պետդումայի մշակույթի հանձնաժողովի ղեկավար Ելենա Յամպոլսկայան դիմել էր գլխավոր դատախազություն՝ խնդրելով ստուգել ահաբեկչությունն արդարացնելու տարրերը Լազարևայի` Ռուսաստանի քաղաքների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին հայտարարություններում: Նա մատնանշել էր Լազարևայի հարցազրույցը, որտեղ նա «ցինիկ կերպով մեկնաբանել է» Կիևի ռեժիմի կողմից իրականացված հարձակումները։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության լեզվական ստուգումը խախտումներ չի հայտնաբերել:
Ավելի վաղ Լազարևան հայտարարել էր սոցցանցերում աշնանը Մոսկվայի քաղաքային դումայում ևս 44 թեկնածուների հետ առաջադրվելու մտադրության մասին: Նա ուզում է ստուգել, թե արդյոք «օտարերկրյա գործակալի կարգավիճակը մարդկանց մեջ խտրականություն չի դնում»։ Արդարադատության նախարարությունում հաստատել են, որ օտարերկրյա գործակալները կարող են մասնակցել ընտրություններին, սակայն պարտավոր են իրենց կարգավիճակը նշել ԿԸՀ դիմումում, քարոզչական նյութերում ու քվեարկության համար նախատեսված տարածքներում: