Փորձելով թուլացնել ՌԴ-ի հիմնասյունը. քաղաքագետը` ԱՄՆ պաշտոնյաների ակտիվ այցերի մասին ՀՀ

Պողոսյանը կարծում է` ԱՄՆ–ն հայ–ռուսական հարաբերությունների փոփոխությունները տեսնելով` փորձում է ինտենսիվացնել հարաբերությունները ՀՀ–ի հետ` փորձելով Հայաստանին մղել կամ համոզել ՌԴ–ի հետ հարաբերությունների սահմանափակմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Վերջին շրջանում հայ–ամերիկյան հարաբերությունների ակտիվացումն ու Հայաստան ԱՄՆ պաշտոնյաների ակտիվ այցերի հիմնական նպատակը տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացումն է, քանի որ ՀՀ–ն համարվում է Հարավային Կովկասում ՌԴ հիմնասյունը։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Նշենք, որ հունիսի 10-ին Երևանում էր Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ՝ Ջեյմս Օ'Բրայենը, որը մասնակցել է հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին։ Մեկ շաբաթ տարբերությամբ՝ հունիսի 17-ին, Երևան են գալիս ԱՄՆ ևս երկու պաշտոնյաներ՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Ռիչարդ Վերման և կոմերցիոն ու բիզնես հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն։
Քաղաքագետի խոսքով` հայ–ամերիկյան հարաբերություններում որոշակի տեղաշարժ դեռ 2019 թվականին է նկատվել, երբ սկսվեց ռազմավարական երկխոսության առաջին նիստը, սակայն փաստ է, որ Հարավային Կովկասը երբեք Միացյալ նահանգների հիմնական առաջնահերթությունների թվում, նույնիսկ 10 առաջնահերթությունների թվում չի եղել։
«ՀՀ–ն միշտ էլ համարվել է Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության հիմնասյուներից մեկը, և Արևմուտքում կա ընկալում, որ եթե այդ հիմնասյուներից մեկը թուլանում է, բնականաբար թուլանում է ՌԴ ազդեցությունը ողջ տարածաշրջանում։ 2022 թվականի փետրվարից հետո, երբ բացահայտ առճակատում կար ԱՄՆ–ի և ՌԴ–ի միջև բոլոր ոլորտներում, իսկ Ուկրաինայի տարածքում՝ նաև ռազմական, հասկանալի է, որ հետխորհրդային տարածաշրջանը սկսեց ԱՄՆ-ին հետաքրքրել առաջին հերթին այստեղ ՌԴ ազդեցության նվազման համատեքստում»,-ասաց նա։
Իսկ հայ–ռուսական հարաբերություններում ճգնաժամն ակնհայտ է հատկապես քաղաքական և ռազմական ոլորտներում. ՀՀ–ն Ռուսաստանից այլևս զենք չի գնում, շփումները մնացել են առաջին դեմքի մակարդակով, սակայն այլ մակարդակներում սառեցված են։
«Եվ, իհարկե, ամերիկացիները տեսնելով այն փոփոխությունները, որ հայ–ռուսական հարաբերություններում կան, բնականաբար կփորձեն ինտենսիվացնել հարաբերությունները ՀՀ–ի հետ` փորձելով ավելի ու ավելի Հայաստանին մղել կամ համոզել Ռուսաստանի հետ հարաբերությունների սահմանափակմանը»,–նշեց քաղաքագետը։
Փորձագետը կարծում է, որ ԱՄՆ պաշտոնյաների այցերը փոխկապակցված են նաև ապրիլի 5–ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման և պայմանավորվածությունների հետ, որի հիմնական նպատակը, նրա խոսքով, հասկանալն էր, թե ինչով Արևմուտքը կարող է օգնել Հայաստանին նվազեցնել իր կախվածությունը ՌԴ–ից։
«Եթե իրոք ՀՀ–ն ցանկանա հեռանալ Ռուսաստանից, պետք է նվազեցնի փոխկախվածությունը։ Խոսքը առաջին հերթին տնտեսական գործոնի մասին է։ Այս պարագայում չի բացառվում, որ ԵՄ–ն և ԱՄՆ–ն կփորձեն ինչ–որ կերպ հասկանալ, թե ինչով կարող են օգնել Հայաստանին, որպեսզի իր տնտեսական կախվածությունը Ռուսաստանից նվազեցնի։ Օրինակ` գտնել արտահանման այլ շուկաներ, այլընտրանքային էներգակիրների աղբյուրներ։ Սա տեղավորվում է ՌԴ–ԱՄՆ ընթացքող ուղղակի առճակատման պայմաններում տարբեր տարածաշրջաններում, առաջին հերթին՝ հետխորհրդային, ՌԴ ազդեցության նվազման Միացյալ Նահանգների ցանկության մեջ»,–հավելեց մեր զրուցակիցը։
ԱՄՆ–ը հետաքրքրված է, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանն ուղիղ կապ ունենան ՀՀ–ի տարածքով` դեպի Միջին Ասիա. Հրանտ Միքայելյան
Քաղաքագետը վստահ է, որ ԱՄՆ–ն իրավաբանորեն արձանագրված անվտանգային երաշխիքներ ՀՀ–ին չի տրամադրի։ Գրեթե բացառվում է, որ երկկողմ պայմանագրերի կստորագրվեն ինչպիսին, օրինակ` ԱՄՆ–ն ունի Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ֆիլիպինների և այլ երկրների հետ։
«Անվտանգային երաշխիքների մասին, եթե խոսում ենք, կարող է լինել քաղաքական խոստումներ, մեսիջներ Ադրբեջանին կամ Թուրքիային, որ Հայաստանին հանգիստ թողեք, որպեսզի Հայաստանն էլ կարողանա «պոկվել» Ռուսաստանից, բայց, բնականաբար իրավական երաշխիքներ կամ ռազմական օգնություն ցույց տալ Հայաստանին, այստեղ տեղակայել ամերիկյան ռազմաբազաներ կամ զինվորներ, ինչպիսիք, օրինակ, Ճապոնիայում, գոնե առաջիկա 10 տարիների ընթացքում սրա հավանականությունը մոտ է զրոյի»,–նշեց նա։
Բացի դա, որպեսզի ԱՄՆ-ի նպատակն իրականանա և ՌԴ–ն տարածաշրջանից դուրս գա, Պողոսյանի խոսքով, անհրաժեշտ է Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագիր, ուստի այս իրավիճակում ձգտելու է Ադրբեջանին համոզել գոնե շրջանակաձև պայմանագիր ստորագրել։ Դրան կհաջորդի հայ–թուրքական հարաբերությունների նորմալացումը, որն իր հերթին մեծ հնարավորություն կտա Հայաստանին Ռուսաստանից հեռանալու, եթե , իհարկե, Հայաստանը նման ցանկություն ունենա։