ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Շինուհայրի բնակիչների հետ հանդիպման ընթացքում ասել է, թե երբ կարող է տարածքների հարցով հանրաքվեի հարց առաջանալ։
«Կարող է` ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե 100 քառակուսի մենք զիջենք, 100 քառակուսի էլ՝ իրենք, բայց սա պետք է արվի հանրաքվեով»,– ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ առայժմ Խորհրդային Միության օրոք գոյություն ունեցած սահմաններն են վերականգնվում, հնարավոր է՝ գա մի պահ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը նոր պայմանավորվածություն ձեռք բերեն։
«Ադրբեջանի հետ նոր սահման չենք ձևավորում, մենք էսօր Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմանը վերականգնում ենք։ Էս սկզբունքը շատ կարևոր է։ Էսօր ասում ենք՝ սահմանն անցնում է էնտեղով, որտեղով անցնում է։ Կիրանցում մի քանի տների հետ կապված խնդիր ունեցանք, բայց չենք ուզում շեղել, որովհետև եթե էս կոնստրուկցիան մի տեղ քանդես, դոմինոյի էֆեկտով սաղ տեղերում քանդվելու է։ Ինձ համար շատ կարևոր է, որ հասկանաք՝ ինչ ենք անում, ինչի համար ենք անում»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` Փաշինյանը Սյունիքի մարզ է այցելել հունիսի 16-ին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` այցի շրջանակում նա ծանոթացել է մարզում սուբվենցիոն և այլ ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:Առաջին կանգառը եղել է Կապան քաղաքը, այնուհետև Փաշինյանն այցելել է Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ բնակավայրեր։ Վերջին կանգառը եղել է Շուռնուխ բնակավայրը։