Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

«Խաղաղության երկրորդ գագաթնաժողովին» կհրավիրվի Ռուսաստանը. Ուկրաինայի ԱԳՆ

Շվեյցարիայի ԱԳՆ-ի կապի բաժնի ղեկավար Նիկոլաս Բիդոն հայտարարել էր, որ Ուկրաինայի հարցով հաջորդ միջազգային համաժողովը կարող է կայանալ նոյեմբերի 5-ին նշանակված ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ուկրաինայի հարցով հաջորդ միջազգային համաժողովը պետք է հանգեցնի նրան, որ գագաթնաժողովին հրավիրվի նաև Ռուսաստանը, ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը խոստովանել է, որ վաղ թե ուշ անհրաժեշտ կլինի խոսել Ռուսաստանի հետ։
«Իհարկե, մենք հիանալի հասկանում ենք, որ կգա այն պահը, երբ անհրաժեշտ կլինի խոսել Ռուսաստանի հետ»,- ընդգծել է Կուլեբան։
Միաժամանակ նա նշել է, որ Արևմուտքի և գլոբալ հարավի դիրքորոշումները տարբերվում են։
«Երեկ հարավից հնչում էին կոչեր այն դժվարին փոխզիջումների վերաբերյալ, որոնք պետք է անի Ուկրաինան, դա այն լեզուն չէ, որը մենք լսում ենք արևմտյան գործընկերներից», - նշել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը։
Հունիսի 15-16-ը Շվեյցարիան Բյուրգենստոկ հանգստավայրի Լյուցեռն քաղաքի մոտ համաժողով է անցկացրել Ուկրաինայի վերաբերյալ։ Իրենց մասնակցությունը հաստատել էին 91 երկիր և 55 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև ութ կազմակերպություն, այդ թվում՝ ԵՄ-ն, Եվրոպայի խորհուրդը և ՄԱԿ-ը։ Համաժողովին չեն մասնակցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Շվեյցարիան Ռուսաստանին գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ուղարկել։ Կրեմլը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության ուկրաինական հակամարտությունում ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելը անտրամաբանական է և ապարդյուն։