Հայաստանի և Ուկրաինայի ԱԳՆ–ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Կիևում

Մնացական Սաֆարյան
Խորհրդակցությունների ընթացքում երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ է քննարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Այսօր Կիևում քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունների միջև։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։
ՀՀ պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ուկրաինականը՝ Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Եվհեն Պերեբիյնիսը:
«Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակին, քննարկվել են փոխադարձ կարևորություն ունեցող ոլորտներում համագործակցության հետագա ակտիվացման հեռանկարները»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են նաև առևտրատնտեսական, իրավապայմանագրային և այլ ուղղություններով համագործակցության հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Բացի այդ, զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև տարբեր մակարդակներում շարունակական շփումներն ու մտքերի պարբերական փոխանակումը:
Ըստ ԱԳՆ–ի` ուկրաինական կողմը մանրամասն տեղեկացվել է Ադրբեջանի ագրեսիայի և ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ ջանքերի վերաբերյալ։
Մնացական Սաֆարյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը