ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Հունիսի 21-ին Ազգային ժողովում «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկ» թեմայով լսումներ կանցկացվեն ։ Տեղեկությունը հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Որոշումը կայացրել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ լսումներ անցկացնելու նախաձեռնությունը ներկայացվել է Ժողովրդավարական ուժերի հարթակի և քաղհասարակության կողմից:
Նա և հանձնաժողովի անդամները ողջունել են խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությունը: Կարծիք է հնչել, որ հանրաքվեի արդյունքները կարող են ուղղորդող լինել հաջորդ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի համար:
Հիշեցնենք` Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական «TRT World» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ հաշվի առնելով բոլոր մարտահրավերները, որոնց ՀՀ–ն ստիպված է դիմակայել վերջին երեք-չորս տարիների ընթացքում` Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները, այդ թվում ՝ ԵՄ անդամակցության գաղափարը: Նա վստահեցրել էր, որ Հայաստանի ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի։