ԱԺ նախագահը հետաքրքիր է համարում ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե անցկացնելու առաջարկը

Ալեն Սիմոնյան
Ըստ Ալեն Սիմոնյանի` մեր երկիրն ու ժողովուրդը կիսում են այն արժեքային համակարգը, որը գոյություն ունի ԵՄ –ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հետաքրքիր և պահանջված է համարում մի շարք քաղաքական ուժերի՝ ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե անցկացնելու առաջարկը։ Նա այդ մասին ասաց ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ հայտնել էինք` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը որոշել է հունիսի 21-ին «Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հայտի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու առաջարկ» թեմայով լսումներ անցկացնել։

«Մենք («Քաղաքացիական պայմանագիրը». խմբ) հանրաքվե անելու հարց չենք քննարկել, դա, կարծում եմ, հետաքրքիր առաջարկ է, բայց մեր հայտարարությունները, ելույթները խոսում են նրա մասին, որ մենք` հայ ժողովուրդը ու Հայաստանը, կիսում ենք այն արժեքային համակարգը, որը գոյություն ունի ԵՄ–ում»,– հավելեց ԱԺ խոսնակը։

Հիշեցնենք` Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական «TRT World» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ հաշվի առնելով բոլոր մարտահրավերները, որոնց ՀՀ–ն ստիպված է դիմակայել վերջին երեք-չորս տարիների ընթացքում` Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները, այդ թվում ՝ ԵՄ անդամակցության գաղափարը: Նա վստահեցրել էր, որ Հայաստանի ժողովուրդը եվրոպական ձգտումներ ունի։