Մեր ամենամեծ պրոբլեմը արահետների բացակայությունն է.Միսակյան

Sputnik
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է լրացումներ կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում։ Նպատակը ՝ սամակատների, սկուտերների, չմուշկների, սքեյթբորդների և նմանատիպ այլ սարքերի, կամ ինչպես սահմանվել է անհատական տեղաշարժման միջոցների օգտագործումը կարգավորելն ու վերահսկելն է։
Ներկայում որևէ իրավական ակտով կանոնակարգված չեն անհատական տեղաշարժման միջոցների երթևեկության կանոնները, ինչի արդյունքում վարչարարություն չի իրականացվում։ Կարգավորումների համար հաշվի է առնվել միջազգային փորձը, թեև այլ երկրներում նմանատիպ փոխադրամիջոցների համար հատուկ գոտիներ են առանձնացված։
Առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է, որ 18 տարեկանից բարձր, ինչպես նաև 16 տարին լրացած և «AM» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձանց կողմից անհատական տեղաշարժման միջոցներով երթևեկությունը թույլատրվում է հեծանվային կամ հեծանվահետիոտնային արահետներով կամ հեծանվորդների համար գոտիով, մայթով, հետիոտնային արահետով կամ երթևեկելի մասով, եթե բացակայում են հատուկ առանձնացված գոտիները։
Արգելվում է անհատական տեղաշարժման միջոցով տեղափոխել ուղևոր կամ բեռ բացառությամբ սարքն օգտագործողի կողմից առանց ձեռքերի օգտագործման պահվող ուղեբեռի, այլ անհատական տեղաշարժման միջոցներ։ Սահմանված պահանջները խախտելու համար ոստիկանությունը կարող է խախտողին ենթարկել վարչական պատասխանատվության։
«Մեր ամենամեծ պրոբլեմը արահետների բացակայությունն է»,-Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է «Երևան ռայդ» ընկերության սպասրկող կազմակերպության ղեկավար Անդրեյ Միսակյանը։