Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Սալիվանը Պուտինի խաղաղ նախաձեռնությունը «առողջ բանականությանը հակասող» է անվանել

Սպիտակ տան ներկայացուցիչը բացարձակ անտեսել է այն փաստը, որ Ղրիմն ու մյուս շրջանները հանրաքվեների արդյունքում են ՌԴ կազմի մեջ մտել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված խորհրդաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած խաղաղ նախաձեռնությունը «հակասում է առողջ բանականությանը» և միջազգային նորմերին՝ միաժամանակ համոզիչ փաստարկներ չներկայացնելով: Նրա խոսքեը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պուտինը հունիսի 14-ին հակամարտության կարգավորման նոր խաղաղ պայմաններ է առաջարկել, որոնք ներառում են Ղրիմի, ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների ճանաչումը որպես Ռուսաստանի մաս, Ուկրաինայի արտադաշինքային և միջուկային ազատ կարգավիճակի ամրագրումը, ապառազմականացումն ու ապազգայնականացումը, ինչպես նաև հակառուսական պատժամիջոցների չեղարկումը: Ուկրաինան մերժել է նախաձեռնությունը, իսկ Վլադիմիր Զելենսկին այն վերջնագիր է անվանել։
«Ոչ մի պատասխանատու երկիր չի կարող ասել, որ դա խելամիտ հիմք է խաղաղության համար։ Դա հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, դա հակասում է տարրական բարոյականությանը, դա հակասում է տարրական առողջ բանականությանը»,-հայտարարել է Սալիվանը։
Ընդ որում, Սպիտակ տան ներկայացուցիչը լիովին անտեսել է այն փաստը, որ Ղրիմը և այլ շրջաններ հանրաքվեների արդյունքում են Ռուսաստանի կազմ մտել:
Ուկրաինայի վերաբերյալ խորհրդաժողովը ընթանում էր Շվեյցարիայում հունիսի 15-16-ը: Այնտեղ հավաքվել են 91 երկիր և 55 պետությունների ղեկավարներ, ինչպես նաև ութ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ռուսաստանը գագաթնաժողովին չի հրավիրվել։ Կրեմլում հայտարարել են, որ ուկրաինական հակամարտությունից դուրս գալու ուղիների քննարկումն առանց Ռուսաստանի մասնակցության անիմաստ է: