Փշալարերով ցանկապատ ենք սարքում, բացառված է մարդ կամ կով անցնի. Փաշինյանը Ճակատենում է

Փաշինյանը այցելել է Ճակատեն
Բնակիչները նշեցին, որ գյուղում մշտապես ապրում են 35 տան բնակիչները, չնայած նրան, որ գյուղում մոտ 140 տուն կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Սյունիք մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է Ճակատեն գյուղ, հանդիպել բնակիչների հետ։
«Մտածում էի, ոնց անենք, որ Ճակատեն գյուղը զարգանա, այստեղ հազարավոր տուրիստներ պետք է գան, բայց փաստն այն է, որ առանց խաղաղության հնարավոր չի լինի»,-ասաց նա։
Վարչապետի հարցին, թե գյուղում բնակիչները հիմնականում ինչով են զբաղվում, նրանք պատասխանեցին` անասնապահությամբ։
Բնակիչները նշեցին, որ գյուղում մշտապես ապրում են 35 տան բնակիչները, չնայած նրան, որ գյուղում մոտ 140 տուն կա։ Քանի որ գյուղացիները հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, իսկ հաճախ անասունները գնում են արոտավայր, էլ հետ չեն գալիս (անցնում են Ադրբեջանի սահման, մարդիկ չեն կարողանում իրենց կենդանիներին հետ ստանալ-խմբ.), գյուղում ապրել ցանկացողների թիվը նվազում է, քանի որ զրկվում են միակ եկամտի աղբյուրից։
Փաշինյանն իր հերթին նշեց, որ այդ խնդիրը կլուծվի սահմանազատումից հետո։
«Հիմա ուզում եմ ցույց տամ, թե Ոսկեպարում ինչ ենք անում, սահմանի երկայնքով փշալարերի ցանկապատ ենք սարքում, այսինքն՝ էդտեղ բացառված է մարդ անցնի։ Կովը սկզբուքնորեն չի հասնի, սահմանապահները կանգնած են, բայց եթե հասնի էլ՝ բացառված է, չի անցնի»,-նշեց Փաշինյանը։
Գյուղացիները հավելեցին, որ իրենց տեխնիկա է պետք` առաջնահերթ մամլիչ` խոտերը կապելու համար։ Փաշինյանը խոստացավ մյուս տարի գյուղին մի մամլիչ նվիրել։
Վարչապետն առաջարկեց գյուղում գյուղատնտեսական կոոպերատիվ ստեղծել, կառավարության աջակցությամբ խելացի անասնագոմ հիմնել` օրինակ 50 գլխաքանակ կաթնատու կովերով , որպեսզի պետությունն էլ ֆինանսական միջոցները մի տեղ ուղղի, այլ ոչ թե յուրաքանչյուր բնակչի առանձին–առանձին։