ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիշոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակներում այցելել է Շիկահող, Սրաշեն և Ներքին Հանդ գյուղեր։
Շիկահողի բնակիչները վարչապետին ներկայացրել են, որ գյուղի առաջնային կարիքը ջուրն է և առաջարկել գյուղում ջրամբար կառուցել։
Բնակիչներից մեկն էլ անդրադարձել է գյուղի դպրոցի խնդրին և խնդրել երկարաձգել սահմանամերձ դպրոցները փակելու որոշումը, ինչին Փաշինյանն արձագանքել է, որ կրթությունը միայն դպրոցի շենքն ու ուսուցիչը չէ, այլ երեխան պետք է միայնակ չլինի, մյուս երեխաների հետ խաղա, շփվի, դաս անի, քննարկի. եթե տարիներ առաջ գյուղում 300 աշակերտ կար, հիմա մեկն է։
Փաշինյանի խոսքով` իրենք վատ բան չեն անում, առաջարկում են սահմանամերձ գյուղերի փոքրաքանակ աշակերտներով դպրոցների փոխարեն կառուցել մեկ դպրոց, վերանորոգել ճանապարհները, վարձել միկրոավտոբուսներ, որպեսզի առավոտյան վարորդը մտնի գյուղեր, երեխաներին տանի դպրոց, երեկոյան հետ բերի իրենց տուն։
«Ուսուցչական կոլեկտիվների համար էլ ամեն ինչ կանենք, կաջակցենք, որպեսզի վերապատրաստվեն, ատեստացիա անցնեն, բարձ աշխատավարձ ստանան։ Պետք է զարգացման ծրագիր լինի՝ աշխատանք լինի, եկամուտ լինի, դպրոց, մանկապարտեզ լինի, գնացող-եկող լինի, էս ժամանակից մարդը չի սիրում մեկուսացած ապրել։ Խաղաղություն պետք է լինի, սահման լինի, անվտանգություն լինի... էս դրախտա է՚ ախր, բայց պետք է կարողանանք էս դրախտն առաջին հերթին ձեզ համար դրախտ սարքենք»,-ասել է վարչապետը։
Այնուհետև Փաշինյանն այցելել է Սրաշեն և Ներքին հանդ։ Սրաշենում բնակիչները նշել են, որ գյուղում 70 մարդ է ապրում , հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ։Վարչապետը բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոպերատիվ ստեղծելու և կառավարությունից աջակցություն ստանալու գաղափարը։
Իսկ Ներքին Հանդի բնակիչները բարձրացնել են վնասված տանիքների վերանորոգման խնդիրը։ Փաշինյանը խոստացել է մինչև անձրևների գալը լուծել այդ հարցը։
Բոլոր տեղերում Փաշինյանը բնակիչների հետ խոսել է սպասվող սահմանազատումից՝ ցույց տալով Ոսկեպարի օրինակը։
Փաշինյանն այցելել է նաև Ծավ գյուղ և նշել, որ հենց այստեղ է կառուցվելու նոր կրթահամալիր, որը կրթօջախ է հանդիսանալու նաև հարևան բնակավայրերի երեխաների համար: