Մոսկվան ու Թեհրանը դեմ են արտատարածաշրջանային խաղացողների միջամտությանը

Իգոր Խովաևը ու Ալի Բաղերի Քանին
Նրանք քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի, Sputnik. Անհրաժեշտ է Թեհրանի և Մոսկվայի փոխգործակցությունն ու համակարգումը Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ պայքարելու համար, նշել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին և ՌԴ արտգործնախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում կայացած բանակցությունների ժամանակ։
Տեղեկությունը տեղադրված է Իրանի ԱԳՆ-ի տելեգրամյան էջում։
Նրանք քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և դեմ են արտահայտվել արտաքին խաղացողների միջամտությանը տարածաշրջանի գործերին՝ դրանք անվանելով ապակայունացնող։
Դիվանագետները կարևորել են նաև տարածաշրջանային այնպիսի մեխանիզմների կիրառումը, ինչպիսին է «3+3» հարթակը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան և Թուրքիա):