Իշխան Զաքարյանին ու նրա ընտանիքին հրավիրել են Գլխավոր դատախազության. ԶԼՄ

Իշխան Զաքարյան. Արխիվային լուսանկար
755 մլն դրամի չափով արգելանք է դրվել ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանի գույքի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանին, կնոջը՝ Գայանե Սողոմոնյանին, որդուն՝ Վարդան Զաքարյանին և հարսին՝ Սեդա Ադամյանին հունիսի 17-ին հրավիրել են ներկայանալ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու համար: Տեղեկությունը հայտնում է «Հետքը»։
Ուսումնասիրվել է Իշխան Զաքարյանի ընտանիքին պատկանող գույքը: Կազմվել է ամփոփագիր: Սակայն դատախազությունն այս փուլում չի հրապարակում, թե ինչ գույք, այդ թվում՝ դրամական միջոց բռնագանձելու պահանջ է առաջ քաշվել: Պատճառաբանությունն այն է, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո կարող է ներկայացվեն նոր ապացույցներ, և փոխվի ենթադրաբար ապօրինի ծագում ունեցող գույքի ցանկը:
Նշենք, որ Իշխան Զաքարյանը պատգամավոր է ընտրվել 2021թ.՝ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Այնուհետև դուրս է եկել խմբակցությունից և հանդես է գալիս որպես անկախ պատգամավոր: Մինչ այդ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր էր, իսկ 2007-2017թթ. եղել է Վերահսկիչ պալատի նախագահը:
Իշխան Զաքարյանի կինը՝ Գայանե Սողոմոնյանը, երկար տարիներ (2009-2017) զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնը: Այժմ «Վարդանանք» կրթահամալիրում խորհրդական է: «Վարդանանք» կրթահամալիր ՍՊԸ-ն 2022թ. հիմնել է ինքը՝ Գայանե Սողոմոնյանը: Նա է ընկերության միակ սեփականատերը, իսկ դուստրը՝ Շուշանիկ Զաքարյանը, ընկերության տնօրենն է:
Հարկադիր կատարման ակտերի ծառայությունը հունիսի 12-ին արգելանք է դրել Գայանե Սողոմոնյանի՝ «Ակբա» բանկում ներդրած ավանդի մոտ 3 մլն 649 հազ դրամի և մեկ այլ ավանդով ներդրված ավանդից 40 մլն դրամի տնօրինման հետ կապված որևէ գործողության վրա: Իսկ Իշխան Զաքարյանին պատկանող գույքի վրա 755 մլն դրամի չափով է արգելանք դրվել:
Իշխան Զաքարյանի որդին՝ Վարդան Զաքարյանը, ձեռնարկատեր է, մի շարք ընկերությունների սեփականատեր (այդ թվում՝ «Ծաղկաձորի սպորտ կոմպլեքս» ՍՊԸ-ն):