ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվել է

Նա մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը երկու ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ–ական Վասակ Նանյանը։
Նշենք, որ դատական նիստը տեղի է ունեցել Երևան քաղաքի քրեական դատարանի «Ավան» նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի։
Երեկ` հունիսի 15–ին, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որը քրեական վարույթի շրջանակում 11 անձի ձերբակալելու և կուսակցության գրասենյակներում խուզարկությունների ֆոնին ինքնակամ ներկայացել էր ՀՀ քննչական կոմիտե, ձերբակալվել էր։
Նա ներգրավված է քրեական վարույթներից մեկում և մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։ ՔԿ–ն հրապարակել էր միայն այդ անձանց սկզբնատառերը` Գ.Վ. և Վ.Դ.։ Ենթադրվում է, որ Գ.Վ.–ն հենց Գերասիմ Վարդանյանն է։