Հայաստանը չի ստորագրել Ուկրաինային նվիրված համաժողովի ամփոփիչ հռչակագիրը

Փաստաթղթին աջակցել են համաժողովին մասնակցող 92 երկրներից 80-ը, հայտնել են կազմակերպիչները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայաստանը չի ստորագրել Շվեյցարիայում անցկացված «Ուկրաինայի խաղաղության բանաձև» համաժողովի ամփոփիչ հռչակագիրը։
Նշվում է, որ Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Սուրբ Աթոռը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Լիբիան, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, Սլովակիան, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Թաիլանդը և Արաբական Միացյալ Էմիրությունները հրաժարվել են ստորագրել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի ամփոփիչ հռչակագիրը։
Փաստաթղթին աջակցել են համաժողովին մասնակցող 91 երկրից 80-ը։
Փաստաթղթում, մասնավորապես, Ռուսաստանին մեղադրում են Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ, որը հանգեցրել է «մարդկային տառապանքների և ավերածությունների»:
Հռչակագրի հիմնական դրույթներն են՝
Բոլոր երկրները պետք է վերահաստատեն միջազգայնորեն ճանաչված սահմաններում բոլոր պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանձնառությունը;
Բոլոր ռազմագերիները պետք է ազատ արձակվեն «բոլորը բոլորի դիմաց» փոխանակմամբ;
Ուկրաինա պետք է վերադարձվեն բոլոր ձերբակալված քաղաքացիական անձինք, ինչպես նաև տեղահանված ուկրաինացի երեխաները;
Զապորոժիեի ԱԷԿ- ը պետք է աշխատի Ուկրաինայի և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո, իսկ միջուկային զենքի օգտագործումն անթույլատրելի է;
Ուկրաինան պետքէ ապահովի մուտքը Սև և Ազովի ծովերի նավահանգիստներ;
Սննդամթերքի անվտանգությունը չպետք է օգտագործվի որպես զենք;
Ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքը պետք է անվտանգ և ազատ մատակարարվի երրորդ երկրներին։
Խորհրդաժողովը տեղի է ունեցել շվեյցարական Բյուրգենշտոկում հունիսի 15-16-ը՝ 92 երկրների, 55 պետությունների ղեկավարների ու ութ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Գագաթնաժողովին մասնակցել և ելույթ են ունեցել այնպիսի երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: Ռուսաստանը չի հրավիրվել, և Կրեմլում հայտարարել են, որ ուկրաինական հակամարտության քննարկումն առանց իր մասնակցության անիմաստ է:
Նշենք, որ Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: