Գորիս համայնքում տեղացած կարկուտը ծաղկող այգիներն ու հասունացող բերքը հողին է հավասարեցրել

Բնակիչները հուսահատ են. շատերը վարկեր էին վերցրել՝ այս տարվա ցանքատարածքները մշակելու համար, սակայն հիմա ստիպված կլինեն դիմակայել ծանր ֆինանսական խնդիրների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքում նախօրեին տեղացած ուժգին կարկուտը բնակիչներին մեծ վնասներ է հասցրել։ Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
«Տեղացած ուժգին կարկուտը հատկապես` Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում, բնակիչներին զրկել է հիմնական եկամտի աղբյուրից՝ լիովին ոչնչացրել է պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը: Ընդամենը կես ժամում ծաղկող այգիներն ու հասունացող բերքը հողին է հավասարեցրել»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ բնակավայրերում ոչինչ չի մնացել առատ բերք խոստացող հողատարածքներից: Հավելենք, որ բնակավայրերի համար գյուղատնտեսությունը ամենակարևոր կամ նույնիսկ միակ եկամտի միջոցն է:
Ինչպես հայտնում է համայնքապետարանը, բնակիչները հուսահատ են. շատերը վարկեր էին վերցրել՝ այս տարվա ցանքատարածքները մշակելու համար, սակայն հիմա ստիպված կլինեն դիմակայել ծանր ֆինանսական խնդիրների: Համայնքը վնասները քարտեզագրում է։
Ուժգին կարկուտ Գորիս համայնքում
Ուժգին կարկուտ Գորիս համայնքում