ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ուկրաինան իր «խաղաղության ծրագիրը» Մոսկվային ներկայացնելու հնարավորություն է փնտրում, բայց անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումներ չեն լինի:
Ուկրաինացի պաշտոնյայի ելույթի տեսանյութը հրապարակել է «24-րդ ալիքը»։
Հունիսի 14-ին Պուտինը բանակցությունների նոր նախաձեռնություն է ներկայացրել և կրկին հայտարարել, որ Մոսկվան պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել թեկուզ վաղը:
Երմակն ասել է, որ Կիևը կարող է խաղաղության իր ծրագիրը ներկայացնել Ուկրաինայի հարցով երկրորդ գագաթնաժողովում:
Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ գագաթնաժողով է անցկացվելու: Երկրի Դաշնային խորհուրդը հայտնել է, որ միջոցառմանը կմասնակցեն 100 պատվիրակություններ, այդ թվում՝ 57 պետությունների ղեկավարներ: Չինաստանը հրաժարվել է մասնակցությունից, քանի որ այնտեղ չեն լինելու Ռուսաստանի ներկայացուցիչները:
Գագաթնաժողովին մասնակցելու է նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։